Վաղը Հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն տոտալ դասադուլներ, գործադուլներ, փողոցների շրջափակման և խաղաղ անհնազանդության բողոքի այլ գործողություններ. Հանրապետության հրապարակում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` դիմելով հրապարակում վաղ առավոտից հավաքված հազարավոր քաղաքացիներին` նշեց. «Հանրապետական խմբակցության գործողությանը մեր հակագործողությունը լինելու է շատ արագ, վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Առավոտյան 8:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, հաղորդակցության ուղիները, մետրոն, օդանավակայանը: Մեր պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով»:
Փաշինյանը դիմեց նաև ՀՀ ոստիկանությանը` կոչ անելով «մի կողմ թողնել բոլոր ձևականությունները, ցած դնել վահաններն ու մահակները և խառնվել ցուցարար ժողովրդին»:
Հիշեցնենք` այսօր ԱԺ-ում շուրջ 9 ժամ տևած քննարկումից հետո` վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45, դեմ` 55 պատգամավոր: Արդյունքում՝ առաջադրված միակ թեկնածուն չընտրվեց:
Նշենք նաև, որ քաղաքական մեծամասնությունից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 1 պատգամավոր` Ֆելիքս Ցոլակյանը:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան