«Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին բակալավրի դիպլոմ հանձնելու պահանջով Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք էին նախաձեռնել: Հիշեցնենք՝ պատգամավորը ԵՊՀ-ում ուսումնառության հինգերորդ տարում հեռացվել է համալսարանից՝ դասերից բացակայելու հիմնավորմամբ, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել մամուլում իր հեղինակած մի շարք հոդվածների հետ։
Ուսանողների ստորագրահավաքին արձագանքելով՝ ԵՊՀ-ն հանդես է եկելհայտարարությամբ, ըստ որի պատրաստակամություն է հայտնում Նիկոլ Փաշինյանիհամաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ ԿԳՆ՝ դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:
Մայր ԲՈՒՀ-ի ֆեյսբուքյան էջում գրված է.
Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու վերաբերյալ վերջին օրերին քննարկվող հարցին՝ ներկայացնելով իր ստուգման գրքույկի պատճեն՝ գրել է.
«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։
1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռետրորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։
Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար։)»։