Հայաստանի Հանրապետությունում այսօր ոչ աշխատանքային օր է. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 1-ը նշված է որպես «Աշխատանքի օր»:
Ի հիշատակ 1886թ. Չիկագոյում ծավալված դեպքերի, երբ ամերիկացի աշխատավորները ցույցի էին դուրս եկել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով, ինչն ավարտվել էր ոստիկանության հետ արյունալի բախումներով, Փարիզի կոնգրեսը 1889 թվականին մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին որոշում է ընդունում: Սակայն մայիսի 1-ը՝ որպես Աշխատավորների համերաշխության միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1890թ:
Այն այժմ տոնվում է աշխարհի ավելի քան 142 երկրում: «Աշխատանքի օրվա» առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ Երևանում ավանդաբար անցկացվում է մայիսմեկյան շքերթ ու հանրահավաք:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը ապրիլի 12-ին ապրիլի 30-ի աշխատանքային օրը մայիսի 5-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ՝ մայիսի 1-ի տոնական օրից առաջ աշխատավորները չորսօրյա հանգիստ ունեցան՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին: