Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի. ՀՀ նախագահն ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

2018-04-26 12:05 , Общество, 3669

Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին՝ ապրիլի 25-ին, ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ այսօր կեսօրին ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակից,

Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է:

Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի եւ աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

Հայաստան, որը լինելու է իմ եւ քո երազանքների Հայաստանը:

Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի:

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ:

Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով:

Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը:

Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրվա Հայաստանը, եւ ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում:

Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի:

Лента

Рекомендуем посмотреть