«Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո ՀՀ-ում ապրիլի 13-ից ծավալված «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի շարժումն այսօր առավոտից վերսկսվել է նոր՝ «Մերժիր ՀՀԿ-ին» կարգախոս-պահանջով: Բողոքը ներառել է ինչպես Երևանի բոլոր վարչական շրջանները, այնպես էլ հանրապետության խոշոր քաղաքները, գյուղերը: Դասադուլ են հայտարարել Վանաձորի պետական համալսարանի ուսանողները, Գյումրիի մի շարք բուհեր, դպրոցներ և վարժարաններ: Ուսանողները միացել են թատերական հրապարակից մեկնակած երթին՝ վանկարկելով՝ «Նիկո՛լ, վարչապետ» և «Ո´չ ՀՀԿ-ին»: Գյումրիի բազմամարդ երթին միացել է նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ Կոմիտասի, Տիգրան Մեծի պողոտաներում, Մոնումենտում, Խանջյանում, Բաղրամյանում երթևեկությունը պարբերաբար կաթվածահար է լինում, բողոքի երթի մասնակիցները խմբերով փակում են երթևեկը՝ վանկարկելով «ՀՀԿ, հեռացիր», «Միացեք»:
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության «Իմ Քայլը» շարժմանառաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը խաղաղ անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին հայտարարություն տարածեց՝ կոչ անելով ժողովրդին այսօր առավոտյան 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում` ավարտին հասցնելու «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»: «Հանրապետականը փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի շրջանում ծագած ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար, ինչը իրավիճակի սխալ գնահատական է, ՀՀԿ-ն չի կարող մնալ իշխանության, որովհետև ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան 11:00-ին նախանշված Փաշինյան-Կարապետյան հանդիպումը չեղարկվել էր: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այդ առնչությամբ տեղեկատվություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր. «Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»:
Հիշեցնենք, ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին, 16:10-ի սահմաններում, հրաժարական տալու մասին հայտարարություն տարածեց, որում պաշտոնաթող Սարգսյանը նշվել էր, որ փողոցի շարժումն իր պաշտոնավարման դեմ է և նա կատարում է քաղաքացիների պահանջը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան