Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. Նիկոլ Փաշինյան

2018-04-23 20:24 , Общество, 2699

Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի դուրս եկած 1000-ավոր ՀՀ քաղաքացիների հաղթանակի հանրահավաքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը կարդաց Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը, որից հետո հավաքվածները վանկարկեցին «հաղթանա՜կ, հաղթանա՜կ»։

Հազարավոր քաղաքացիների՝ «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներից հետո, հարթակ բարձրացավ շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք և եկեք բարձրաձայնենք այն կարգախոսը, որի ներքո կերտվեց հաղթանակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որից հետո քաղաքացիները վանկարկեցին՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման պահանջով ձևավորված «Իմ քայլը» շարժման առաջնորդը հանրությանը տեղեկացրեց, որ երեկ առավոտյան երթի ընթացքից իրեն առևանգելուց հետո՝ պահել են կատարյալ մեկուսացման մեջ, հետո իր խուց են այցելել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, որից նա հասկացել է, որ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը հաղթել է:

Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան իրեն առաջարկել են համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա հոկտեմբերին, երկու ժամից առաջարկել են մեկ ամսից տարբերակը, ավելի ուշ առաջարկել են ապրիլի 25-ի տարբերակը:

«Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից և ասացի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում և նա երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չորեքշաբթի օրը, առավոտյան ժամը 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կշարունակվեն բանակցությունները վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ:

Փաշինյանը նշեց՝ օրակարգում մի քանի հարց է դրված.

-Ս. Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն կատարված է,

-ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում,

-ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Եթե Սերժ Սարգսյանը և Հանրապետականը հույս ունեն, թե այս ամենի արդյունքում ստեղծվելու է մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել՝ ես հորդորում եմ բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը: Ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում երկար տարիների ընթացքում հաստատված ատելության և վենդետայի մթնոլորտի էջը այլևս փակված է:

«ՀՀ-ում այս պահից սկսած հաստատվելու է ազատության, հավասարության, եղբայրության, օրինականության, արդարության և ազգային միասնության մթնոլորտ»,-քաղաքական այս գործընթացների հետ կապված անհանգստություն ու ճամպրուկները հավաքել մտածող գործարարներին դիմեց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով չանել այդ բանը, քանի որ նրանց նկատմամբ ատելություն, վրեժխնդրություն և վենդետա չի լինելու:

ՀՀ-ն պետք է այլևս լինի ազատ և երջանիկ պետություն, ՀՀ քաղաքացին պետք է լինի երջանիկ ու ազատ քաղաքացի՝ հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть