«Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության ամենաբազմամարդ հանրահավաքը, դուք եք կերտել այս օրը»,-Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ դիմելով ներկաներին՝ ասաց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ հրապարակը բազմամարդ է եղել նաև ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կայացած համերգին:
Նիկոլ Փաշինյանն այնուհետ դիմեց Արսինե Խանջյանին, Սերժ Թանկյանին, Շարլ Ազնավուրին՝ նրանց կանչելով Երևան:
«Սերժ, ահա, այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրապարակում: Դու պարտավոր ես գալ Երևան և կանգնել այս ժողովրդի կողքին: Արսինե Խանջյան, սիրելի Արսինե, նամակ գրելու կարիք չկա, որովհետև բաժանորդը անհասանելի է, վեր կաց արի Երևան: Ես դիմում եմ Շարլ Ազնավուրին, ով նույնպես այն սակավաթիվ մարդկանցից է, ով այսպիսին է դարձրել Երևանի Հանրապետության հրապարակը: Հարգելի պարոն Ազնավուր, դուք, որ բազմիցս միջազգային մամուլին հարցազրույցներ եք տվել՝ ասելով, որ Հայաստանում իշխում է մաֆիայի կանոնները, ահա, մաֆիայի վերջը եկել է և Ձեր ներկայությունը հարկավոր է, որպեսզի մենք մաֆիայի վերջը տանք»,-ասաց ընդդիմադիր գործիչը:
Նա տեղեկացրեց, որ վաղն իրենց գործողությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ, պետք է շրջափակեն գերատեսչական շենքերը, ճանապարհներն ու մայրուղիները. «Վաղը ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, մեր գործողությունները սկսվելու են այնտեղից և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում»։