Փշալարեր, ձայնային նռնակներ՝ Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը ցրում է հավաքը - RadioVan.fm

Онлайн

Փշալարեր, ձայնային նռնակներ՝ Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը ցրում է հավաքը

2018-04-16 15:59 , Общество, 3325

Փշալարեր, ձայնային նռնակներ՝ Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը ցրում է հավաքը

Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Ցուցարարների մի մասը ճեղքելով ոստիկանական առաջին պատնեշը Բաղրամյան պողոտայում՝ շարժվեցին դեպի Ազգային ժողով: Ցուցարարներին առաջնորդող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ մտնել միայնակ: Փաշինյանը հայտարարեց, որ իրեն պայմաններ չպետք է թելադրեն, ապա ասաց, որ ցանկանում է որպես պատգամավոր ընդունել իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներին՝ ցուցարարներին:

Այնուհետ նա փորձեց ուղեփակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը՝ դեմ առնելով խոչընդոտի: Սկսվեց քաշքշուկ ցուցարարների և ոստիկանների միջև, որից հետո իրավապահները փշալարերով փակեցին ճանապարհը՝ դեպի ԱԺ:

Ոստիկանությունը նաև դիմեց հատուկ միջոցների՝ օգտագործելով, ըստ երևույթին, ձայնային նռնակներ:

Արդյունքում կան տուժածներ:

Այնուհետ հատարարվեց, որ ոստիկանության կողմից որոշում է կայացվել ցրել հավաքը:

Ավելի վաղ, նշենք, ոստիկանությունը հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչով՝ պահանջելով դադարեցնել հավաքը:

«Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,-նշել էր ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչ-հատարարությունում:



Лента

Рекомендуем посмотреть