Ցուկերբերգը «Facebook»-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի սկանդալով՝ Կոնգրեսի առաջ - RadioVan.fm

Онлайн

Ցուկերբերգը «Facebook»-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի սկանդալով՝ Կոնգրեսի առաջ

2018-04-12 13:33 , Культура, Шоу бизнес, 1365

Ցուկերբերգը «Facebook»-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի սկանդալով՝ Կոնգրեսի առաջ

Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքի՝ «Facebook»-ի համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը շուրջ հինգ ժամ վկայություն է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսում, որի իրավական ու առևտրային հարցերով հանձնաժողովը չորեքշաբթի՝ ապրիլի 10-ին, լսումներ է սկսել «Facebook»-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի, ինչպես նաև 2016թ. ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի՝ «Facebook»-ի միջոցով հավանական միջամտության հարցի առնչությամբ:

Խնդիրն ի հայտ եկավ շաբաթներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ բրիտանական «Cambridge Analytica» ընկերությունը, որը զբաղվում է քաղաքական գործիչների նախընտրական ռազմավարությունների մշակմամբ, 2Օ16 թվականին Ամերիկայում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում, որի արդյունքներով նախագահ ընտրվեց Դոնալ Թրամփը, «Facebook»-ի հավելվածների միջոցով մուտք է գործել 87 միլիոն օգտատերերի հաշիվներ՝ հավաքագրելով նրանց անձնական տվյալները:

«Ակնհայտ է, որ մենք բավարար ջանքեր չենք գործադրել, որպեսզի «Facebook»-ի գործիքները չօգտագործվեն ի վնաս: Մենք բավականաչափ պատկերացում չենք կազմել մեր պատասխանատվության մասին, և դա մեծ սխալ էր: Դա իմ սխալն էր, և ես ներողություն եմ խնդրում»,-Կոնգրեսի անդամներին ասել է սոցկայքի հիմնադիր 33-ամյա Ցուկերբերգը, ով նաև պատասխանատվություն է ստանձնել «Cambridge Analytica» ընկերության կողմից միլիոնավոր օգտատերերի տվյալների հավաքագրումը կանխել չկարողանալու համար:

Նա ընդգծել է, որ այս սկանդալը կարելի է փակված համարել, քանի որ «Cambridge Analytica»-ն իրենց հայտնել է, որ փոխանցված տվյալները չեն օգտագործվել ու ջնջվել են:

Ցուկերբերգը խոստովանել է, որ ամենաշատը ցավում է ոչ թե օգտատերերի տվյալների արտահոսքի, այլ սոցկայքի հարթակում ռուսական միջամտությանը դանդաղ արձագանքելու համար:

«Սա սպառազինության մրցավազք է, և քանի դեռ Ռուսաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում են միջամտել այլ երկրների ընտրություններին, այս մրցավազքը շարունակվելու է»,-ասել է «Facebook»-ի հիմնադիրը՝ հավելելով, որ այժմ համագործակցում է ամերիկյան ընտրություններին ռուսական կողմի ենթադրյալ միջամտության հարցի հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակի հետ, սակայն այս թեմայի շուրջ որևէ բացահայտում անել չի կարող, քանի որ տեղեկությունը խիստ գաղտնի է:

Պատասխանելով հարցերին, թե օգտատերերն ինչպես կարող են ապահովել իրենց տվյալների անվտանգությունը՝ Ցուկերբերգն ասել է. «Դրա համար ձեզ տրված են բոլոր գործիքները»: Իսկ ֆեյսբուքյան էջը ջնջելու դեպքում, օգտատիրոջ բոլոր տվյալները կջնջվեն նաև արխիվից՝ վստահեցրել է աշխարհի խոշորագույն սոցկայքի հիմնադիրը:

Կոնգրեսում Մարկ Ցուկերբերգի շուրջ 5-ժամյա տևողությամբ հարցաքննության մանրամասները՝ «The guardian»-ի հրապարակած տեսանյութում.

Лента

Рекомендуем посмотреть