ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Հարությունյանը 65 կգ քաշային կարգում ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի Progress ֆիզիկական զարգացման կենտրոնում կայացած «Փաուերլիֆտինգի» (ուժային եռամարտի) առաջնությունունում 6 ռեկորդ է սահմանել՝ երկուսը՝ աշխարհի և Եվրոպայի, չորսը՝ Հայաստանի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ուժային եռամարտի առաջնությանը մասնակցել են 180 մարզիկներ՝ ՀՀ մարզերից, ինչպես նաև՝ Արցախից և Ջավախքից:
Նշվում է, որ ռեկորդակիր Դավիթ Հարությունյանին ՀՀ «Փաուերլիֆտինգի» ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանի կողմից շնորհվել է մեդալ, հուշանվերներ և դիպլոմներ, իսկ նրան աջակցություն ցուցաբերելու և մարզական պատրաստվածությունն ապահովելու համար «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լյովա Բաղդասարյանը պարգևատրվել է շնորհակալագրով և հուշամեդալով: