Հանրային սննդի օբյեկտներում հակահրդեհային մի շարք թերություններ են բացահայտվել - RadioVan.fm

Онлайн

Հանրային սննդի օբյեկտներում հակահրդեհային մի շարք թերություններ են բացահայտվել

2018-04-09 17:42 , Общество, 1409

Հանրային սննդի օբյեկտներում հակահրդեհային մի շարք թերություններ են բացահայտվել

Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները միայն Երևանում իրականացրել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում:

«Ստուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևան»-ը և այլն:

Ստուգումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածն են՝ տարահանման ելքերի բացակայությունը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը, խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ, ինչպես նաև՝ ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունը»,-հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգայցերի արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:

Նշվում է, որ զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին զգոն լինել և ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու կանոնները՝ համաձայն «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի:

Նշենք, որ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև՝ թերությունների հայտնաբերման ուղղությամբ ստուգումներ և հետազոտություններ իրականացնելու հանձնարարականը ԱԻ նախարարին տրվել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. գործադիրի ապրիլի 5-ի նիստում անդրադառնալով օրեր առաջ Հյուսիսային պողոտայում գտնվող հանրային սննդի օբյեկտում գազաբալոնի պայթյունին, որի հետևանքով, հիշեցնենք, տուժեց 8 մարդ, վարչապետը հայտարարեց, որ «նշված դեպքը տեխնիկական և հակահրդեհային նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է տալիս»՝ հրահանգելով երկամսյա ժամկետում համապատասխան քայլեր ձեռնարկել:

Лента

Рекомендуем посмотреть