«Մենակությունից ես խուսափում եմ: Եթե հիմա աշխարհի ամենագեղեցիկ, ամենատեսարժան վայրում ինձ թողնեն մենակ, ես կփախչեմ: Այ, եթե ընկերներիս հետ լինեմ, ցանկացած վայրում էլ ինձ համար տոն կլինի»,-անկեղծանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Մտքով տուն» փաստագրական ֆիլմում, որը հեռարձակվել է երեկ, 21:40-ին,Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում:
«Տասնյակ տարիներ կարող ես քեզ համար շատ հարազատ մարդկանց չտեսնել: Միգուցե, կարևորն այն է, որ չհանդիպելով, այդուհանդերձ, մարդիկ մնում են որպես ընկերներ, որը շատ-շատ կարևոր է»,-ֆիլմում նշում է Սերժ Սարգսյանը՝ մտովի տեղափոխվելով հայրենի Ստեփանակերտ, ուր ծնողներն են, ընկերները:
Ֆիլմում Սերժ Սարգսյանի մասին իրենց հուշերով ու պատմություններով կիսվում են նրա ընկերները, Արցախյան ազատամարտի հերոսները, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մայրը՝ տիկին Նորան, ով պատմում է որդու՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ անհուն սիրո մասին և, թե ինչպես է նա ծառայելուց, ԵՊՀ-ն ավարտելուց հետո՝ վերադառնում Ստեփանակերտ՝ այնտեղից չհեռանալու ու այնտեղ արարելու ցանկությամբ: Մայրը նաև նշում է, որ Սերժ Սարգսյանը տարին ընդամենը մեկ-երկու անգամ է այցելում իրեն:
Ֆիմի ավարտին Սերժ Սարգսյանը միտք է անում արցախյան խնդրի լուծման առնչությամբ իր ունեցած համոզմունքի շուրջ. «Ասում եք, որ ինձ համար ամենակարևորն Արցախի խնդրի լուծումն է, բայց ինչպես ենք պատկերացնում, օրինակ, Արցախի խնդրի լուծումն առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի: Անհնար է: Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումն առանց դեմոգրաֆիական պրոբլեմը լուծելու: Բարդ է: Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումն առանց Հայաստանի միջազգային հեղինակության»:
ՀՀ 3-րդ նախագահը փրկությունը տեսնելով միասության մեջ՝ ցանկություն է հայտնում, որ «մեր համազգային իղձերից մեկը գոնե կատարվի»: