Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ինտերնետային պաշտոնական կայքը:
Նշվում է, որ այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:
«Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ»,-նշվում է ՀՖՖ կայքում:
Ըստ այդմ էլ՝ 2016-ի հոկտեմբերից ազգային հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պետրոսյանըհրաժարական է ներկայացրել:
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի հավաքականը խիստ անհաջող էր հանդես գալիս. վերջին երկու ընկերական խաղերում այն մեկ պարտություն է կրել, իսկ մյուսն ավարտել էոչ-ոքի հաշվով։