Հանրապետությունում հրդեհային անվտանգության ստուգումները կշարունակվեն խիստ ռեժիմով: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի այսօր կայացած աշխատանքային նիստին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարել է երկամսյա ժամկետում այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ ստուգումներ և հետազոտություններ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև՝ թերությունների հայտնաբերման ուղղությամբ:
«Ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: Նախարար Տոնոյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքների և առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը»,-նշում են ՀՀ ԱԻն մամլո ծառայությունից:
«Մենք պետք է նվազեցնենք հրդեհային և տեխնիկական վտանգի ռիսկերը տնտեսվարողի հետ համատեղ աշխատանքով: Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ՝ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտություն»,-անձնակազմին հորդորել է նախարարը՝ նշելով, որ չնայած աշխատակիցների թվի սակավությանը՝ խնդիրը պետք է իրականացնել սահմանված ժամկետներում:
Համապատասխան հրահանգ-հանձնարարականը, նշենք, երեկ գործադիրի նիստում հնչեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հյուսիսային պողոտայում գտնվող հանրային սննդի օբյեկտում գազաբալոնի պայթյունին, որի հետևանքով, հիշեցնենք, տուժեց 8 մարդ: «Նշված դեպքը տեխնիկական և հակահրդեհային նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է տալիս»,-հայտարարել էր վարչապետը՝ հրահանգելով երկամսյա ժամկետում համապատասխան քայլեր ձեռնարկել: