ՌԴ Քննչական կոմիտեն Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում երեկ կեսօրին բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում լուրջ խախտումներ է բացահայտել: Մասնավորապես, առևտրի կենտրոնի աշխատակիցը հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո անջատել է ազդարարման համակարգը: Այդ մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն՝ նշելով, որ այս պահին քննվում է այդ անձին, ով հրդեհի գործով 5-րդ կասկածյալն է, ձերբակալելու հարցը:
Հաղորդվում է, որ հարուցված քրեական գործի շրջանակում արդեն ձերբակալվել և հարցաքննվել է 4 կասկածյալ, այդ թվում շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական տնօրենը:
Քննությամբ արդեն ձեռք են բերվել լուրջ բացթողումների վերաբերյալ բավարար ապացույցներ: «Լուրջ բացթողումներ են եղել ինչպես առևտրի կենտրոնը շահագործման հանձնելիս, այնպես էլ շահագործման ընթացքում: Դեռ ավելին, պարզվել է, որ տարհանման ելքերը փակ են եղել»,-ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղոդագրությունում:
Միաժամանակ հաղոդվում է, որ ստուգվում են այլ խախտումների մասին հաղորդագրությունները և հրդեհի առաջացման պատճառների և հնարավոր մեղավորների վերաբերյալ վերջնական ենթադրություններ կարող են արվել քննչական գործողությունների և դատական փորձաքննությունների արդյունքում:
Նշենք, որ Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում երեկ՝ մարտի 25-ի կեսօրին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 8-ը` երեխաներ: Տուժածների թվում նաև հայեր կան: