Վարկ վերցնելու նպատակով «Տաշիր Կապիտալը» կգրավադնի սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կանոնադրական կապիտալի 69.9 տոկոսը:
«Տաշիր Կապիտալը» նպատակ ունի վարկ վերցնել Վերակառուցման և զարգացման եվրոպական և Ասիական զարգացման բանկերից:
ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրելու նպատակով «Տաշիր Կապիտալը» խնդրելու է Հայաստանի կառավարության գրավոր համաձայնությունը: Հարցը, նշենք, ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում:
Համաձայնությունը ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների: