Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը վերջին հանգրվանը կգտնի Վեսթմինսթերյան աբբայությունում. Նրա աճյունը հողին կհանձնեն Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի գերեզմանների հարևանությամբ: BBC-ի տեղեկացմամբ՝ Հոքինգի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին, որին ներկա կլինեն Հոքինգի հարազատները, ընկերները եւ գործընկերները:
Լրատվամիջոցը հղում անելով Հոքինգի ընտանիքի տարածած հայտարարությանը՝ նշում է, որ հիշատակման արարողությունը տեղի է ունենալու Հոքինգի սիրելի քաղաքում՝ Քեմբրիջում, Սբ. Մարիամ եկեղեցում, որը գտնվում է ոչ հեռու համալսարանական քոլեջից, ուր իր ժամանակի ամենահարգված եւ հայտնի ֆիզիկոսը աշխատել է շուրջ 50 տարի:
Սթիվեն Հոքինգը տեսաբան-ֆիզիկոս էր: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ տիեզերքի նախնական վիճակի հետազոտմամբ: Ունենալով հազվագյուտ հիվանդություն՝ ALS՝ առավել հայտնի որպես Լու Գեհրիգի հիվանդություն, գիտնականն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, հանդես եկել զեկույցներով՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով:
Աշխարհահռչակ ֆիզիկոսը մահացել է Քեմբրիջի իր տանը մարտի 14-ին, 76 տարեկանում: