«Ինչպե՞ս շարունակել, ի՞նչ անել»․ բազում կորուստներով ավարտված 2020-ի 44-օրյա պատերազմը այս հարցերն է պտտել հայրենիքից հազարավոր մղոններ հեռու ապրող հայազգի Արմենի գլխում։ Մտորումները հանգրվանել են այն կետում, որ, ինչ էլ որ արվի, չպետք է զուտ բարեգործություն լինի, այլ պետք է Հայաստանում ռազմավարական ուղղությունները խթանող հստակ ծրագիր լինի, որի շրջանակում հնարավոր կլինի աշխատել ու աշխատանքի մեջ ներգրավել, հատկապես, պատերազմից վերադարձած երիտասարդներին։
«Զգացի, որ պետք է դուրս գալ սովորական կոմֆորտ զոնայից։ Դուրս եկա խոսելու մարդկանց, ընկերների հետ, ովքեր նույն մտքերը, նույն հոգսերը ունեն։ Առաջ քաշեցի գաղափար՝ միավորել հայկական պրոֆեսիոնալ համայնքին, հիմնել շահույթ չհետապնդող կառույց»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում պատմում է այս օրերին Հայաստանում գտնվող Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ նպատակն էր դուրս գալ ոչ թե պարտված, այլ՝ հաղթանակի՛ դրոշն առջևում։
Հանդիպումների, մտքերի փոխանակման արդյունքում էլ, ահա, հիմնվում է Համահայկական գիտության և տեխնոլոգիայի ռազմավարական ներդրումային համայնքը՝ SASTIC-ը (Strategic Armenian Science and Technology Investment Comunity), որի գործունեության հիմքում դրվում է երկարաժամկետ խնդիրների լուծման գաղափարը։
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մասնագիտությամբ ճարտարագետ Արմենի համոզմամբ՝ մենք՝ որպես երկիր, սահմանափակ կարողություններ ունենք և, լինելով այդպիսին, կարող ենք հաղթանակել նորարար լինելու դեպքում միայն։
Շուրջ 15 տարի Բրիտանիայում ապրող Արմենի խոսքով՝ SASTIC-ի տարբերությունն այլ կազմակերպություններից այն է, որ առկա 2 խումբ խնդիրներից՝ կարևոր-չհետաձգվող և կարևոր-հետաձգվող, իրենք կենտրոնացած են երկրորդի վրա։
«Երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է» կարգախոսով առաջնորդվող SASTIC-ի հիմնադիր Արմենը վստահ է՝ յուրաքանչյուր 1 հոգին շատ բան անել չի կարող, իսկ մի քանիսի միավորման դեպքում ինչե՜ր է հնարավոր անել։
SASTIC-ի շուրջ այժմ աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 150 հայ է համախմբված։ Արմենը, հաշվի առնելով փաստը, որ պատերազմից անցել է 3 տարի, իսկ այդ մարդիկ կան ու հավատում են, հպարտությամբ նշում է՝ հաջողել են։ Բացառապես հայերից կազմավորված համայնքը ոչ միայն ֆինանսապես, այլև մասնագիտական ներդրում է ունենում աշխատանքներում։
SASTIC-ի հիմնադրման, կատարած աշխատանքների շուրջ, ու, թե ինչպե՞ս կարող են տեխնոլոգիական թռիչք ու կյանքի ընթացքը փոխել ցանկացողները համագործակցել SASTIC-ի հետ՝ զրուցել ենք Արմեն Խաչատրյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում․
Հավելենք, Հայաստանում օրթոպեդիկ իմպլանտների տեխնոլոգիաների զարգացմանը նպաստելու նպատակով SASTIC-ի առաջին ներդրումային պայմանագիրը կնքվել է AIP Tech թիմի հետ։ Ընկերությունն իրականություն է դարձրել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում ապրող 4 պատանիների՝ հանրությանը լավագույն ծառայություններ մատուցելու ցանկությունը՝ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող vLab-ի ձևաչափում նրանց հիմնած Protolab-ին տրամադրելով Pallete 3-Pro սարքավորումը, որն օգնում է արդյունավետ իրականացնել 3D բազմագույն տպագրություն։
SASTIC-ը դրամաշնորհային պայմանագիր է կնքել Armenian Bioinformatics Institute (ABI)-ի հետ՝ աջակցելու նրանց առաքելությանը խթանել բիոինֆորմատիկայի և գենոմիկայի ոլորտներում հետազոտությունները, ինչպես նաև բիոինֆորմատիկայի և հարակից ոլորտների որակյալ ուսուցումը հայկական կրթական հաստատություններում: Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում՝ SASTIC-ի աջակցությամբ ABI-ը ձեռք կբերի համակարգչային սերվեր:
Համահայկական գիտության և տեխնոլոգիայի ռազմավարական ներդրումային համայնքը նաև SAFE համաձայնագիր է ստորագրել Denovo Sciences տեխնոլոգիական ընկերության հետ, որը նոր հորիզոններ է բացում իր առաջադեմ հետազոտություններով և մշակումներով:
Այս համագործակցությունն, ի դեպ, SASTIC-ը կարևոր հանգրվան է համարում՝ Հայաստանում արժեքների ստեղծմանը խթանող ընկերություններին/թիմերին և նորարար ստարտափներին աջակցությունը շարունակելու համատեքստում։
SASTIC-ի շնորհիվ անցկացվել է «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում ուղղություններով ուսնակություն» եռամսյա ծրագիր, որի շահառուները պատերազմի մասնակից տղաներն են եղել: Ուսնակության ծրագրի ընթացքում, որի թեմաները «Հետագծի վիզուալ հետևում»-ը և «Գետնի վրա փոփոխության հայտնաբերում (փոքր օբյեկտներ)»-ն է եղել, ուսանողներն աշխատել են ոլորտի ինչպես միջազգային, այնպես էլ՝ տեղի լավագույն փորձագետների հսկողության ներքո:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան