Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման - RadioVan.fm

Онлайн

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման

2018-03-20 16:03 , Право, 2740

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման

Շուրջ երկու տարի ճաղերի ետևում գտնվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման, թեև մեղադրողը միջնորդել էր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հրապարակած վճռով՝ հիմնավորված է համարվել Սեֆիլյանին առաջադրված բոլոր մեղադրանքները։

Ըստ դրանց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սեֆիլյանը նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնության գործադրմամբ, գույքի ոչնչացմամբ: Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ էլ՝ ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: Բայց, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը ավարտին չի հասցրել հանցավոր մտադրությունները՝ իր կամքից անկախ:

Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 20-ին՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով: Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ նա «մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը»:

Հավելենք նաև, որ գործով մյուս ամբաստանյալներից Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանը ամենամեղմ պատժին է արժանացել. նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, ինչը ենթադրում է, որ նա ազատ կարձակվի երկու ամսից:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть