Ալավերդու բնակիչը հորը հուղարկավորել է «Սանահին» պատմական հուշարձանի տարածքում. առաջադրվել է մեղադրանք - RadioVan.fm

Онлайн

Ալավերդու բնակիչը հորը հուղարկավորել է «Սանահին» պատմական հուշարձանի տարածքում. առաջադրվել է մեղադրանք

2018-03-16 11:39 , Право, 1615

Ալավերդու բնակիչը հորը հուղարկավորել է «Սանահին» պատմական հուշարձանի տարածքում. առաջադրվել է մեղադրանք

«Սանահին» վանական համալիրի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանները վնասելու, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դրանց կատարմանը նպաստող պայմանները։

Այսպես՝ «Սանահինում քանդել են եկեղեցու բակի տապանաքարը և նոր թաղում արել» վերնագրով 2017 թվականի հուլիսի 18-ին մամուլում հրապարակված հոդվածում մատնանշված հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 265-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գագիկ Վերանյանն իր հորը 2017թ. հունիսին հուղարկավորել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակույթային «Արժեքների ցանկում» ընդգրկված Սանահինի միջնադարյան վանական համալիրի տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ տանող ճանապարհ վրա: Հուղարկավորությունից օրեր անց նույն վայրում ապօրինի կերպով կառուցել է գերեզման, որի հետևանքով վնասվել է առանձնակի արժեք ունեցող, պատմության և մշակույթի՝ վերը նշված հուշարձանը, այդ թվում՝ խաթարվել պատմական միջավայրը, արժեզրկվել է հուշարձանը և դրա գեղարվեստական ընկալումը»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Գ.Վերանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և 2018 թվականի մարտի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Միաժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որպատշաճ կարգով կանոնակարգված չէ հանգուցյալների հուղարկավորության և գերեզմանների կառուցման նպատակով հողատարածքների հատկացումները, ինչի հետևանքով համայնքի բնակիչները որոշ դեպքերում ինքնուրույն են ընտրում հուղարկավորության վայրերը և ապօրինի կերպով կառուցում գերեզմաններ, դեռ ավելին՝ պատմական հուշարձանի կամ դրա մերձակա տարածքում գտնվող վաղ շրջանի գերեզմանների շրջակայքում առկա չեն հուղարկավորությունները և նոր գերեզմանների կառուցումը արգելող որևէ պաստառներ կամ ցուցանակներ:

Արձանագրված խախտումներից ելնելով Լոռու մարզային քննչական վարչությունը մարտի 13-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ Լոռու մարզպետին, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդին՝ առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ` Լոռու մարզի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում ապօրինի հողային և շինարարական աշխատանքների կատարումը, այդ թվում նաև՝ հուղարկավորությունների և նոր գերեզմանների կառուցումը բացառելու նպատակով: Միջնորդագրի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարին:

Лента

Рекомендуем посмотреть