Արցախահայուհու ծովաշուշաններից պատրաստած աշխարհահռչակ Հոքինգի դիմանկարը արժանացել էր երջանկահիշատակ ֆիզիկոսի հավանությանը - RadioVan.fm

Онлайн

Արցախահայուհու ծովաշուշաններից պատրաստած աշխարհահռչակ Հոքինգի դիմանկարը արժանացել էր երջանկահիշատակ ֆիզիկոսի հավանությանը

2018-03-15 15:24 , Общество, 1277

Արցախահայուհու ծովաշուշաններից պատրաստած աշխարհահռչակ Հոքինգի դիմանկարը արժանացել էր երջանկահիշատակ ֆիզիկոսի հավանությանը

«Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գևորգյանը, ով սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 2015 թվականի ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը»,-այդ մասին գրում է «Արցախպրես»-ը, որի թղթակցի հետ զրույցում էլ աղջնակը պատմել է, որ Հոքինգի հանդեպ իր հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ իմացել է, որ սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդը դարձել է աշխարհահռչակ գիտնական:

«Դա ինձ շատ է ոգևորել և երբ 2015թ.-ին տեղեկացա, որ Արցախում է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով անձամբ կապ ուներ Հոքինգի հետ, խնդրեցի նրան իմ ձեռքով պատրաստած դիմանկարը փոխանցել մեծ գիտնականին: Հետո տեղեկացա, որ մի քանի ամիս անց դիմանկարը հասել է հասցեատիրոջը, ով շատ էր հավանել իմ աշխատանքը»,-Անի Գևորգյանի խոսքերն է փոխանցում լրատվամիջոցը:

Սթիվեն Հոքինգը տեսաբան-ֆիզիկոս էր: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ տիեզերքի նախնական վիճակի հետազոտմամբ: Ունենալով հազվագյուտ հիվանդություն՝ ALS՝ առավել հայտնի որպես Լու Գեհրիգի հիվանդություն, գիտնականն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, հանդես եկել զեկույցներով՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով:

Դեռ 21 տարեկանում բժիշկները հաղորդել են, որ Հոքինգին ապրելու համար 2 տարի է մնացել, սական աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկը մահացավ 76 տարեկանում, նախօրեի առավոտյան Քեմբրիջի իր տանը:

Լուսանկարները՝ «Արցախպրես»-ի

Лента

Рекомендуем посмотреть