Նպաստ ձևակերպելու համար սոցապի աշխատակիցը շուրջ ինը տարի անձանցից պահանջել է 1 ամսվա գումարը. առաջադրվել է մեղադրանք - RadioVan.fm

Онлайн

Նպաստ ձևակերպելու համար սոցապի աշխատակիցը շուրջ ինը տարի անձանցից պահանջել է 1 ամսվա գումարը. առաջադրվել է մեղադրանք

2018-03-14 15:44 , Право, 1775

Նպաստ ձևակերպելու համար սոցապի աշխատակիցը շուրջ ինը տարի անձանցից պահանջել է 1 ամսվա գումարը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

«2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուրտարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքացու՝ յուրաքանչյուր տարի մեկ ամսվա գումարը համապատասխան պաշտոնատար անձի պահանջով տվելէ նրան՝ սոցիալական օգնության ծրագրում մնալու համար»,-հաղորդում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) և 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողութունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նույն անձի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից, 2009-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների՝նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու, հրատապ օգնություն տրամադրելու համար վերջիններից տարբեր ժամանակահատվածներում և դեպքերում պահանջել և ստացել է հասանելիք նպաստի մեկ ամսվա գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով ( առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) (5 դրվագ), ևս 5 հոգու՝ կաշառք տալու փորձի համար։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կաշառքի դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պարզելու՝ արդյոք այդ քաղաքացիներին, օրենքով սահմանվածով կարգով, նախատեսվում էր ստանալ սոցիալական օգնություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть