Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատումը դարաշրջանի և ժամանակի պահանջ է. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։
«Պատմական փորձը վկայում է, որ հակամարտությունները չեն կարող հավերժ տևել, Բաքվի և Երևանի միջև միջազգային իրավունքի և արդարության հիմքի վրա խաղաղության և անվտանգության հաստատումը դարաշրջանի և ժամանակի պահանջ է»,-մասնավորապես ասել է Ալիևը՝ նշելով, թե ներկայիս ժամանակաշրջանում, երբ «միջազգային հարաբերությունների համակարգում լուրջ ցնցումների պայմաններում ձևավորվում է նոր աշխարհակարգ, քաղաքական կուսակցությունները պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները և տարբեր մակարդակներում իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունները»:
«Դա զգայուն և առաջնահերթ խնդիր է նաև Ադրբեջանի համար, որը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները: Դրանք գրեթե 30 տարի չեն կատարվել, Ադրբեջանը երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում 2020 թվականին ազատագրել է իր զավթված տարածքները և վերջ է դրել ռազմական ագրեսիային, որից այդքան տարիներ տուժել է»,- հայտարարել է Ալիևը: