2023-ից ՀՀ-ում ֆիզիկական անձինք պարտավորված կլինեն հայտարարագրել իրենց եկամուտները․ համակարգը փուլերով կներդրվի - RadioVan.fm

Онлайн

2023-ից ՀՀ-ում ֆիզիկական անձինք պարտավորված կլինեն հայտարարագրել իրենց եկամուտները․ համակարգը փուլերով կներդրվի

2022-11-17 15:55 , Политика, 576

2023-ից ՀՀ-ում ֆիզիկական անձինք պարտավորված կլինեն հայտարարագրել իրենց եկամուտները․ համակարգը փուլերով կներդրվի

2023 թվականից Հայաստանում կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։

«2023 թվականից հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ: 2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն: 2025 թվականի արդյունքներով արդեն կարելի է համարել, որ համակարգում ներառված են բոլոր հայտարարատու քաղաքացիները»,-կառավարության այսօրվա նիստում մանրամասնել է ՀՀ ֆինանսների նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով համակարգի ներդրմանը, այն որակել է շատ կարևոր քայլ։

«Պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի վերաբերյալ որոշում ենք կայացնում: Նման քայլերի տրամաբանությունը բխում է թերևս մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը և Հայաստանի Հանրապետությունը կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայության վրա: Այսինքն՝ պետությունը, առավել ևս ժողովրդավարական պետությունը հիմնվում է պետություն ունենալու քաղաքացիական կամքի վրա: Սա մի ինստիտուտ է, որը հենց այս կամքի արձանագրումն է: Քաղաքացին, ըստ էության, այս և մի շարք այլ ինստիտուտներով արձանագրում է պետություն ունենալու իր կամքը, և սա չափազանց կարևոր է:

Այս առումով մի քանի կարևոր որոշումներ ենք կայացրել: Ուզում եմ հիշեցնել նաև անշարժ գույքի հարկի հետ կապված օրենքը: Պարզ է՝ շատ մեծ քննարկում եղավ, բայց ես մի նրբության վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: Օրինակ, մինչ նախորդ տարվա բարեփոխումները, անշարժ գույքի հարկի համակարգում կար շեմ, որից ներքև գույքահարկ չէր վճարվում: Մենք քաղաքական որոշում կայացրեցինք և ասացինք, որ եթե մարդու գույքահարկը տարեկան 100 դրամ է, այդ 100 դրամը քաղաքացին թող վճարի և պետք է վճարի: Այդ 100 դրամն իր կյանքը հաստատ չի վատացնելու և պետական բյուջեն էլ բան չի տալու, բայց դա պետություն ունենալու քաղաքացու կամքի արտահայտություն է լինելու: Ստեղծելու է կապ՝ «ես քաղաքացի եմ, ունեմ պետություն, պետությունն իմ հանդեպ ունի պարտավարություններ և ես պետության հանդեպ ունեմ պարտավորություններ և ունեմ իրավունքներ, որոնք պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»: Սա շատ ավելի խորը և շատ ավելի համապարփակ որոշում է»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ համակարգը ներդնելու հարցում քաղաքական կամքի բացակայություն չկա, սակայն այն շատ բարդ է և պետք է լավ նախագծել:

Կառավարության նիստում քննարկված այս և այլ հարցերի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть