ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
«2017թ. հունիսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մի տղամարդուց գնել է 480 գրամ քաշով ոսկյա ձուլակտոր, սակայն պարզվել է, որ այն ոսկուց չէ: Նախնական տվյալներով՝ քաղաքացուն պատճառվել է 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.680.000 ՀՀ դրամի վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում»,-նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել լուսանկարներ, որտեղ պատկերված տղամարդուց, ըստ տուժած քաղաքացու, ձեռք է բերվել կեղծ ոսկյա ձուլակտորը։
Քննչական կոմիտեն խնդրում է նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: