Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կգործարկվի ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքը, որը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից փոխանցում են՝ նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք:
Երթևեկության տևողությունը՝ ի համեմատ հին շարժակազմերի՝ 1 ժամով պակաս կլինի. ուղևորները Երևանից Գյումրի և Գյումրիից Երևան կհասնեն 1 ժամ 59 րոպեում:
Մարտի 4-ին և 8, 9, 10 և 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ: Նշենք, որ հին շարժակազմերով գնացքի մեկ ուղղությամբ ուղեվարձը 1000 դրամ է:
«ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:
Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է»,-նշում են «Հարավկովկասյան երկաթուղի»-ներից՝ տեղեկացնելով, որԵրևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվելու են հին շարժակազմով:
«ՀԿԵ» ՓԲԸ-նհանդիսանումէ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: