[Berlinale 2018] «Դովլաթով». մի քանի օր մեր սիրելի գրողի կյանքից - RadioVan.fm

Онлайн

[Berlinale 2018] «Դովլաթով». մի քանի օր մեր սիրելի գրողի կյանքից

2018-02-26 20:25 , Barlinale, 4646

 [Berlinale 2018] «Դովլաթով». մի քանի օր մեր սիրելի գրողի կյանքից

Ո՞վ կնկարահաներ ֆիլմ Սերգեյ Դովլաթովի մասին, եթե ոչ Վենետիկի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր, հայտնի կինոգործիչների որդի և լենինգրադյան բոհեմային ինտելիգենցիայի վառ ներկայացուցիչ Ալեքսեյ Գերման կրտսերը, որի նախապատմությունն անգամ սկիզբ է առել դովլաթովյան իրականության մեջ։ Ռեժիսոր, որը ծնվել է գրողի քաղաքում, հավանաբար Ռուսաստանի միակ կետում, որտեղ ամենից ուժգինն է զգացվումեվրոպական էսթետիկայի ազնվական շունչը, պատնեշներ կոտրող ազատության հրապուրիչ կանչը և հարյուրավոր ստեղծագործող մարդկանց անթիվ բնակարանային խնջույքները. ստալինյան շրջանում կառուցված բարձր առաստաղներն ու կոմունալ բնակարանների գողտրիկ խոհանոցները գրեթե ամեն գիշեր լսում են հուսահատված գրողների ու նկարիչների կոկորդ պատռող պատմությունները, միասին ծխում են «ֆարցոֆշիկներից» գնված ամերիկյան «մարլբորոներն» ու երազում գնահատման և ճանաչման մասին։

Նրանց թվում է նաև երիտասարդ Սերգեյ Դովլաթովը (Միրան Մարիչ): Նա ապրում է մոր (Թամար Հովհաննիսյան) և բազմաթիվ հարևանների հետ, որոնք կիսում են միասին և՛ բնակարանը, և՛ անձնական հեռախոսազրույցները, և՛ գիշերային գինարբուքը։ Դովլաթովի կողքին են խորհրդային պղպջակի մեջ ապրող խմբագիր-լրագրող գործընկերները, անհետաքրքիր մեդիահանձնարարությունները և սոցիալիստական պրոպագանդան։ Իսկ գրողին ամենից շատ հուզում է մի բան. որտեղի՞ց գտնել 25 ռուբլի. աղջկա համար պետք է մեծ գերմանական տիկնիկ գնի։

Դովլաթովի շուրջը, բացի անհասկանալի ընտանեկան պլաններից և հեռանկարներ չխոստացող աշխատանքից կառուցված է մտահոգ քաղաքացիների շրջանակ։ Անհրաժեշտ կապեր ունեցող երիտասարդ Դովլաթովին փորձում են օգնել. Բրոդսկին խոսում է արտագաղթի մասին, որոշները կտրում են երակները և գցվում են ավտոմեքենաներով լի ճանապարհին։ Փորձում են վերջ տալ անիմաստ պայքարին։ Դովլաթովը տեսնում է երազներ, կատակելով՝ խնդրում է Բրեժնևին և Ֆիդելին, որպեսզի հրատարակվի։ Վերջիններս խոստանում են օգնել, անգամ՝ ստեղծագործել միասին։ Երազային իրականությամբ, մի քիչ խամրած գույներով ու ճոճվող ռիթմով ֆիլմը գցում է մեզ մի սառը լենինգրադյան փողոցից մյուսը, ուղեկցում բազմաթիվ միջանցքներով, ծանոթացնում ուրվականներ հիշեցնող հավաքական հերոսների հետ. ոմանք հարմարվում են, ճկռում մեջքները, մյուսները՝ հուսահատվում։

Գերման կրտսերի Դովլաթովը թվում է մի փոքր անտարբեր. նա չի տրվում զգացմունքների, լուռ փորձում է տրված հնարավորությունները, սակայն չի պայքարում։ Կարդալով դովլաթովյան կիսակենսագրական ստեղծագործություններն ու իմանալով գրողի բուռն անձնական և ստեղծագործական կյանքը՝ միշտ ստեղծվում է միաժամանակ երկու դովլաթովների տպավորություն, որոնք գոյատևել են կողք-կողքի, միասին չեն գնացել զիջումների, չեն համաձայնվել, ծաղրել են, կատակել, սակայն դրա հետ մեկտեղ այդ բոլոր ըմբոստություններն ունեցել են տրագիկ ետնաշերտ ու տխուր հետևանքներ: Մարիչի (և իհարկե, Գերմանի) Դովլաթովը օժտված չէ այդ բազմաշերտ, երբեմն խճճված ու դժվարին բնավորությամբ, չի ապրում տրագիկոմիկ իրականության աբսուրդի հասնող զավեշտալի սոցիումում, որն այդքան առաջնային է «Դովլաթով» ասելիս։

Գերման կրտսերը և նրա կինը՝ բեմադրող նկարիչ Ելենա Օկոպնայան վերականգնել են մշակութային քաղաքի այն կողմը, որն ավելի շուտ հիշեցնում է ցնորք և ոչ իրականություն։ Իհարկե, սա դիտավորյալ որոշում է, կապված գրողի պատրանք հիշեցնող լենինգրադյան օրերի հետ, ավելի ստույգ՝ 1971 թվականի նոյեմբերի առաջին օրերի, երբ քաղաքն ու երկիրը նշում են Հոկտեմբերյան հեղափոխությանը տարելիցը, Գոգոլի ու Տոլստոյի, Պուշկինի և Դոստոևսկու կերպարներով հարցազրույցներ տվող քաղաքացիներն այդքան էլ հետաքրքրված չեն գրականությամբ, ժամանակակից արվեստն և գրականությունը կարևոր են այնքան, որքանով որ դրանց կերտողները զբաղվում են ակտիվ և օգտակար սոցիալիստական գործունեությամբ։ Պարզ է, ոչ մի նորություն։ Մեր և մեր ծնողների համար Գերմանը կրկնում որերորդ անգամ արդեն քննարկված զրույցները՝ չառաջարկելով հստակ դիրքորոշումներ և ամբողջ միավորը դնելով դովլաթովյան հմայքի և սրամտության վրա։

Բեռլինալե պալասում կինոլրագրողները լքում էին դահլիճը՝ չհասցնելով ընթերցել անգլերեն ու գերմանարեն ենթագրերն ու հասկանալ, թե ինչի մասին է խոաքը։ Իսկ նրանք, որոնց մոտ ստացվում էր ըմբռնել երկխոսությունները համն ու հոտը՝ ծիծաղում էին, չգիտակցելով, որ դա Դովլաթովի հումորն է, նրա գրչի ոճը և ոչ Գերման կրտսերինը։ Համաշխարհային հանդիսատեսը նայեց ստերիլիզացման աստիճանի հասցված պարզ կինո՝ նոստալգիկ և ինտելիգենտ, զուսպ և իր մտքերում պարփակված կուլտային գրողի միայն մի կողմը, 70-ական Լենինգրադի հուսահատված համ կոմպրոմիսների գնացող ոչ այդքան վառ խավը։

Միակ իսկապես մթնոլորտային դրվագները՝ բնակարանային հավաքութներն էին, որտեղ Բրոդսկին ընթեցում էր իր նոր բանաստեղծությունները, մարդիկ դա հասկանում և ոչ այդքան, խոսում էին ռեպրեսիաներից ու երազում լավ օրերի մասին։ Այդ ամենի միջով քայլում է Դովլաթովը. մի փոքր ցրված, չհետաքրքրված, քայլում է մի սենյակից մյուսը, կարծես աննպատակ։ Հարցեր չի տալիս, հարցերին չի պատասխանում, միայն թե աղջկա համար գտնի մեծ գերմանական տիկնիկ։

Հեղինակ՝ Դիանա Մարտիրոսյան

Лента

Рекомендуем посмотреть