Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ նշելով, որ ծանրամարտիկն այլևս չի մարզվում, նա հանված է ցուցակներից:
«Նա այլևս չի մարզվելու և զբաղվելու է իր ընտանիքով»,-հավելել է Ալավերդյանը:
Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986 թվականին Գյումրիում: Գյումրու մարզադպրոցի սան է եղել:
31-ամյա ծանրամարտիկը 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հայ ծանրորդուհին 2011թ-ի ապրիլին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հետվիրահատական շրջանի երկար դադարից հետո կրկին վերադարձել է մեծ սպորտ, մասնակցել 2015 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (105+125): 2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը։