«Դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»․պաշտոնական Բաքուն «զրպարտանք» է որակում Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող բանաձևը - RadioVan.fm

Онлайн

«Դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»․պաշտոնական Բաքուն «զրպարտանք» է որակում Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող բանաձևը

2022-12-01 15:35 , Политика, 1051

«Դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»․պաշտոնական Բաքուն «զրպարտանք» է որակում Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող բանաձևը

Ֆրանսիան խոչընդոտում է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը․ հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (ԱԺ)՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունմանը։

Աբդուլլաևան, կրկնելով Բաքվի թեզը, թե «Հայաստանը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական տարածքները, ոտնահարել է մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները», Twitter-ում գրել է․

«Դուք լուռ էիք։ Խոսելով հիմա՝ դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»։

Նշենք՝ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ պնդելով, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը «լի է ստով և զրպարտանքով», «այդ բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս «Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ չեզոք և արդար միջնորդի դերում»։

«Մենք կտրականապես մերժում ենք այս բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող այլ սադրիչ քայլերը, այդ թվում՝ ավելի վաղ այս երկրի Սենատի կողմից ընդունված բանաձևը»,-Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն են մեջբերում տեղի լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնենք, անցած շաբաթ էլ իր հերթին էր Ֆրանսիային մեղադրել հայամետ դիրքորոշման համար՝ մերժելով Փարիզի միջնորդական դերը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։ Նա, միաժամանակ հայտարարել էր, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա Էմանուել Մակրոնի մասնակցության պատճառով։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի՝ երեկ միաձայն ընդունած Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին, ապա, ի թիվս այլ դրույթների, այն՝

- Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք

- Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում

- Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը)

- Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը

- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանիվերահսկողության տակ գտնվողտարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Հավելենք, որ, Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Հայաստանին աջակցող բանաձևը, որը ներկայացվել էր Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից, «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։

Ֆրանսիայի արտգործնախարարության պաշոնական կայքում բանաձևի առնչությամբ իշխանության պաշտոնական դիրքրոշումն արտահայտող հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․

«Այս տեքստը խորհրդարանական նախաձեռնություն է և չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը։ Այն ընդունվել է անկախ՝ համապատասխան իշխանության բաշխման սկզբունքին։ Կառավարության դիրքորոշումը հայտնի է, այն արտացոլված է նախարարի՝նոյեմբերի 29-ի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասվում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել երկրներին՝ առաջ գնալու բանակցություններում և հասնելու խաղաղության»։ Այս համատեքստում Հանրապետության նանխագահն աջակցել է Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը, որը հանգեցրել է ՀՀ տարածքում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման»։

Ի դեպ նշենք՝ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը մասնակցել է ոչ թե ՀՀ նախագահը (les Présidents arménien et azerbaïdjanais), ինչպես հիշատակում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, այլ՝ ՀՀ վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть