Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։
Նա Հայաստանում է լինելու մինչև դեկտեմբերի 4-ը։
Ողջունելով նրա այցը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Ռիքերը «հանդիպելու է պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»։
Նշենք՝ ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականը Հայաստան է ժամանել Վրաստանից, որից առաջ այցելել էր նաև Ադրբեջան։
Վրաստանում, ի դեպ, Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերին։