Կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար։
Մեխանիզմը հետևյալն է եղել՝ առանց քննության վարորդական իրավունքի վկայականներ ստանալու պատրվակով նրանք քաղաքացիներից պահանջել էին 125-ից 250 հազար դրամ, այնուհետև տրամադրել վարորդական իրավունքի կեղծ վկայականներ՝ հափշտակելով ընդհանուր 875 հազար դրամ։ Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ, հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, երկու անձ էլ ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ոստիկանությունից ընդգծելով, որ սա վարորդական իրավունքի վկայականներ ստանալու հետ կապված խարդախության առաջին դեպքը չէ, քաղաքացիներին հորդորել են վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել բացառապես օրինական ճանապարհով: