Հայաստանի կառավարության համոզմամբ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը ճիշտ է․ Ազգային ժողովի (ԱԺ) ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ նշելով, որ առաջարկը ռուսական կողմից է հնչել՝ հիմնավորմամբ, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել կողմերի համար ընդունելի կարգավիճակ, ու որ իրենք էլ իրենք պաշտպանում են տեսակետը։
Ըստ Փաշինյանի՝ կա հարցի 3 կոմպոնենտ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ:
Հընթացս, ասել է նա, իրենք «կարգավիճակ» բառը որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր փորձել են մի կողմ դնել:
Ինչո՞ւ։ Փաշինյանի պարզաբանմամբ՝ որովհետև իրենք համաձայն են եղել ռուս գործընկերների հետ, որ դա հիմա չարժե փորձել լուծել, որովհետև դա կբերի «անխուսափելի ճգնաժամի»:
Վարչապետի ելույթը «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ամբողջությամբ՝ ստորև․
Ի դեպ, հիշեցնենք, Սոչիում՝ հոկտեմբերի 31-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահը, չնայած Ռուսաստանի նախագահի պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտությունը առանձնահատկություններ ունի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, կրկին պնդել էր, թե նման խնդիր չկա, ինքն այն լուծել է 44-օրյա պատերազմով:
«Ղարաբաղյան խնդիրը պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ։ Այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա»,-մասնավորապես հայտարարել էր Իլհամ Ալիևը:
Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էլ հայտարարեց, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։