Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում հանգամանքը, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում: «Հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ, հասցեական գնահատականները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թաթոյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին:
Օմբուդսմենի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը զգալի միջոցներ է ներդնում լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, և միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ ատելությունը հայկական կողմից է: Այդ հարծում, կարծում է Թաթոյանը, պետք է մաքսիմալիստ լինել, չսահմանափակվել ձեռք բերածով և ակտիվ աշխատել:
Նշենք, որ երեկ պաշտպանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ, որին տեղեկացրել է հակառակորդի կողմից օրերս Տավուշի մարզի Բարեկամավան ու Չինարի գյուղերի վրա գնդակոծությունների մասին: