«Ախտորոշումից մինչև բուժում»․ բժիշկների համար միջազգային փորձը ներառող «գործընկեր» գիրք է հրատարակվել - RadioVan.fm

Онлайн

«Ախտորոշումից մինչև բուժում»․ բժիշկների համար միջազգային փորձը ներառող «գործընկեր» գիրք է հրատարակվել

2022-10-31 19:35 , Общество, 788

«Ախտորոշումից մինչև բուժում»․ բժիշկների համար միջազգային փորձը ներառող «գործընկեր» գիրք է հրատարակվել

Երեկ երազանք, այսօր արդեն՝ իրականություն․«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի (ՆԲԿ) մասնագետների շուրջ 1 տարվա ինտելեկտուալ գործունեության արդյունքում այսօր առողջապահության առաջնային օղակի բժիշկների սեղանին է աշխարhի հեղինակավոր առողջապահական պարբերականներում հրապարակված այս կամ այն հիվանդության բուժման ժամանակակից գործելակարգերը մեկտեղող ժողովածուն։

«Երազում էինք, որ միջազգային լավագույն փորձը հասանելի լինի մեր երկրում, մեր բնակչության համար։ Փորձել ենք քայլ-քայլ մոտենալ։ Ապացուցողական հիմքը, միանշանակ, միջազգային փորձն է, ուղղակի մենք մշակել ենք հատուկ ձևաչափ, որի մեջ տեղադրել ենք այդ նյութերը, առանց որի այդ ամենը կլիներ պարզապես տեսական, չկարդացվող։ Կլիներ մի գիրք, որը բժիշկները դնում են մի տեղ, հանգիստ են լինում, որ այն կա, բայց երբեք չեն բացում։ Այ, մենք փորձել ենք «գործընկեր» գիրք ստեղծել՝ շատ կարճ, շատ ինֆորմատիվ, շատ վստահելի։ Երբ որ պացիենտը մտնում է ու սկսում ներկայացնել իր գանգատները՝ այս գրքի օգնությամբ արդեն ձևավորվեն բժշկի հետագա քայլերը՝ սկսած ինչ է հարցնելու, ինչ հետազոտություն է նշանակելու, ինչպես է բուժելու»,-հոկտեմբերի 29-ին կայացած գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։

Շնորհանդեսին ներկա սրտաբան, ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանի գնահատմամբ՝ գիրքը շատ օգտակար է լինելու հատկապես ընտանեկան բժիշկների համար, քանի որ նրանց անհրաժեշտ է ո՛չ միայն թերապևտիկ գիտելիքներ։

600 էջից բաղկացած «Բուժում է Վարդանանցը» գրքում ամփոփված են ապացուցողական բժշկության վրա հիմնված առավել տարածված 137 հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։ Հարություն Մանգոյանի փոխանցմամբ՝ աշխատանքները շարունակական են լինելու, այս պահին պատրաստ է շուրջ 120 գործելակարգ։ Բուժկենտրոնի ջանքերով գալիք տարում ևս մեկ ժողովածու կհրատարակվի, որում նախատեսվում է ներառել 695 գործելակարգ։

«Վարդանանց»-ում վստահ են՝ «Բուժում է Վարդանանցը» կդառնա առողջապահական ոլորտի մասնագետների սեղանի գիրքը և կօգնի նրանց գործունեությունը համապատասխանեցնել ժամանակակից մոտեցումներին։

Հավելենք՝ «Բուժում է Վարդանանցը» վաճառքի ներկայացված «գործընկեր» գիրքը նվիրվեց գրքի երևանյան շնորհանդեսին ներկա առաջնային օղակի թերապևտներին և ընտանեկան բժիշկներին։ Այն շուտով հասանելի կլինի նաև առցանց եղանակով։

Պատրաստեց Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть