Պատրաստ եմ Սոչիում ստորագրել ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում 10-20 տարով երկարացնելու մասին փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Պատրաստ եմ Սոչիում ստորագրել ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում 10-20 տարով երկարացնելու մասին փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան

2022-10-29 11:15 , Политика, 847

Պատրաստ եմ Սոչիում ստորագրել ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում 10-20 տարով երկարացնելու մասին փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան

«Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է, ես հանդես կգամ, բայց Ռուսաստանի նախագահը պետք է պաշտպանի դա, որովհետև ես չեմ կարող որոշել, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները այնտեղ մնան ինչ-որ ժամկետով։ Եթե մենք ու Ռուսաստանը համաձայնենք, կլինենք մեծամասնություն»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին ժամանակներում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկը, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան առաջարկը, որը բացասական է մեզ համար, և ՀՀ Կառավարությունը մերժում է ՌԴ-ի ծրագիրն ու ընդունում արևմտյան ծրագիրը: Սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ այն, որ կա հարցի լուծման ռուսական և արևմտյան ընկալում՝ ճիշտ է:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին: Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը Փաշինյանը համարում է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:

«Եվ մենքպայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ: Այդ պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը 2022 թ օգոստոսին: Ընդ որում, պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսաստանցի համանախագահողը կվերադառնա՝ մեր վերջնական դիրքորոշումը ստանալու: Եվ սեպտեմբերին հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը մի պարզ պատճառով՝ դա մեր պայմանավորվածություն է եղել դեռևս 2021-ի հունվարից: Երկուշաբթի օրը (հոկտեմբերի 31-ին) Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա ասել է նաև նախորդ օրը ՀԱՊԿ դռնփակ նիստում ՌԴ նախագահի ներկայությամբ:

Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի: Նա կարևոր նրբություն համարեց այն, թե դա անվտանգություն, խաղաղություն բերելո՞ւ է ԼՂ-ին և Հայաստանին, թե՞ ոչ:

Փաշինյանը կարևորեց նաև անդրադառնալ հարցին, թե խաղաղապահներն ինչ են անում ԼՂ-ում: Նա նշեց՝ Փառուխի դեպքերը չեն մոռացվել, ամենաբարձր մակարդակում եղել է պայմանավորվածություն, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այսինքն՝ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչը մինչև այժմ չի կատարվել:

Փաշինյանն ընդգծեց՝ պետք է հնչի պատասխանը՝ ՌԴ-ն իր առաջարկները հետևողական և պինդ պաշտպանո՞ւմ է, թե ոչ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում։

Նշենք՝ ՀՀ վարչապետը Սոչի է մեկնելու հոկտեմբերի 31-ին։ Այնտեղ նախատեսված է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը։

Лента

Рекомендуем посмотреть