Ստեփանակերտում մեծ հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 000 քաղաքացի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտում մեծ հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 000 քաղաքացի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը

2022-10-31 12:26 , Политика, 885

Ստեփանակերտում մեծ հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 000 քաղաքացի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբկայացած արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցել են շուրջ 40 000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից:

Այդ մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ հանրահավաքին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանը։

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով լուսանկարներ հանրահավաքից՝ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․

«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում…»։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ արտահերթ նիստին՝ այն մեկնարկել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ուղղված ուղերձով.

«Այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը»:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայոց պետականության և ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգներին, դիմել է նաև ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին, և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:

Նիստի օրակարգում ԱՀ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին հարցն էր: Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մարսել Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Մոսիյանը և Մետաքսե Հակոբյանը:

Ազգային ժողովի հայտարարությունը ընդունվել է միաձայն: Հայտարարությունում Արցախի պատգամավորները, նշելով, որ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, «որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի, Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը։ Նաև, արձանագրելով, որ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, ու որ՝ ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, Արցախի պատգամավորները դիմում են Ռուսաստանի Դաշնությանը Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։

Лента

Рекомендуем посмотреть