Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վաղը՝ հոկտեմբերի 28-ին արտահերթ նիստ կգումարի. կքննարկվի Երևանին տրամադրվող օգնության հարցը:
Կառույցի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախատեսվում է քննարկել Հայաստան գործուղված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։
Ակնկալվում է նաև, որ կդիտարկվեն ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 20-ին՝ սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելությանը հանձնարարված էր գնահատել ներկա իրավիճակը, տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստել և առաջարկներ մշակել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար։
Ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի փաստով պաշտոնական Երևանն էր դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։
Ի դեպ՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 14-ին կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի համատեքստում որոշ հարցեր էր ուղղել ներկաներին՝ ընդգծելով, որ առանց այդ հարցերի հստակ պարզաբանման՝ վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։