«Մեծ հաշվով կարևոր չէ, թե ինչ է ասում Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարը, խնդիրն այն է, թե ինչ գործընթացներ են այսօր տեղի ունենում տարածաշրջանում և ինչ դեր ունի դրանցում Հայաստանը»,-այս մասին այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով՝ «Հայաստանը Հարավային Կովկասին և նույնիսկ Հայաստանին վերաբերող հարցերում ունի դիտորդի կարգավիճակ»։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ որքան էլ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, այս հարցում չկա միասնական դիրքորոշում կողմերի միջև։
Աբահամյանը, նշելով, որ Ադրբեջանի նախագահը առաջ է քաշում 1918-20 թթ-ի քարտեզն ու այս հարցումմոտեցումներն և դիրքորոշումները շատ տարբեր են, չի բացառել, որ կազդարարվի սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, երկար չի տևի՝ հետագայում կտորպեդահարվի Ադրբեջանի կողմից։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կարևոր օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն՝ պայքարի, բնականոն զարգացման հնարավորությունից։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին` պատգամավորը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն արդեն իսկ իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, ըստ էության, ամբողջությամբ ավարտել է և դա անելու նպատակ չունի: Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ գլխավոր ուղղություններում, որտեղ անհրաժեշտություն է եղել ճշգրտել սահմանային հարցեր, Ադրբեջանն արել է իր ակնկալիքից ավելին, բռնազավթել և տեղակայվել է Հայաստանի այնպիսի հատվածներում և դիրքերում, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է:
Պատգամավորը բնական է, համարել, որ այդ պայմաններում Ադրբեջանն իր զորքերը դուրս չի բերելու, իսկ «քաղաքական հարթությունում և դիվանագիտական ճակատում գործընթացներն այնպիսի փխրուն հունով են ընթանում, որ որևէ պարագայում, նույնիսկ` կարճաժամկետ կտրվածքով, լայնամասշտաբ ռազմական գործողություններ բացառելն ուղղակի հնարավոր չէ»:
Հիշեցնենք՝ 2021-ի մայիսի 12-ին Խոզնավար-Սոթք հատվածում տեղի ունեցած ներխուժման արդյունքում Ադրբեջանը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր, իսկ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի արդյունքում թշնամին ՀՀ տարածքից 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել․ ՀՀ վարչապետն է հայտարարել այդ մասին՝ պնդելով, որ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»։