Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով:
Արտգործնախարարությունից հայտնում են, որ, ողջունելով առաքելության անդամներին, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։
Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ զինված ուժերի (ԶՈ) կորպուսների հրամանատարների հետ ունեցած հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 21-ից մեկշաբաթյա այցով Հայաստանում է՝ պաշտոնական Երևանի հրավերով։ Խումբը, այցելելով հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ անցկացնելով համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ, նպատակ ունի գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։
Խումբն արդեն եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Ջերմուկում փաստագրել ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով քաղաքի կրած վնասները։