48 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանը։
«Խորը ցավով ստացանք մեր գործընկեր, պրոֆեսիոնալ լրագրող Գայանե Փայտյանի անժամանակ մահվան լուրը:
Ցավոք, ճակատագիրը երբեմն շատ դաժան հարվածներ է հասցնում: Գայանե Փայտյանը, որպես լրագրող և փորձառու մասնագետ, դեռ շատ անելիք ուներ հայ լրագրության մեջ, այդ թվում՝ սերունդներին կրթելու գործում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը կիսում է Գայանե Փայտյանի հարազատների ու մտերիմների ցավը:
Հոգիդ թող Աստծո լույսերի մեջ լինի, սիրելի Գայանե»,-ասված է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած ցավակցագրում։
Գայանե Փայտյանը, որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ էր։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։
Նա հեղինակն է «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլ դոկումենտալ ֆիլմերի։
2008թ. հիմնադրել և ղեկավարում է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։
Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։