Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:
Տվյալներն այսօր փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:
«Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,-ասված է խոսնակի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն, որը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին ԱՊՀ առաջնորդների նեղ կազմով նիստում, սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, անհետ կորած է 29 մարդ: