Ադրբեջանը միջազգային հանրությանը հորդորում է ճնշում գործադրել Հայաստանի վրա - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը միջազգային հանրությանը հորդորում է ճնշում գործադրել Հայաստանի վրա

2022-10-25 19:55 , Политика, 1128

Ադրբեջանը միջազգային հանրությանը հորդորում է ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) այսօր տարածել է հայտարարություն, որով կոչ է արել միջազգային համայնքին «ճնշում գործադրել Հայաստանի վրա և պահանջել, որ Հայաստանը կատարի [2020 թվականի նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարության դրույթները»:

Պաշտոնական Բաքուն ընդգծել է, թե Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն չի հեռացրել «ապօրինի զորամիավորումներն Ադրբեջանի տարածքից, այլ նաև շարունակում է ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում»։

Ադրբեջանը պահանջում է ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցում՝ հայտարարելով, որ «Հայաստանի կողմից նման քայլը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:

Ադրբեջանի արտգործնախարարության պնդմամբ՝ անցած 30 տարիներին ականների պայթյուններից Ադրբեջանում զոհվել է 3 հազար 345 մարդ, այդ թվում՝ 38 կին և 357 երեխա:

Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի միջազգային դատարանին այն մասին, որ «Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում, ինչը ժամանակավոր միջոցների կիրառման մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման խախտում է»:

«Պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և, ընդհանրապես, միջազգային իրավունքով, հրաժարվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից, վերջնականապես դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, անհապաղ դադարեցնի Ադրբեջանի տարածքում ականապատումը և տրամադրի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Բաքուն պնդում է, որ «ադրբեջանական տարածքների գրավման ժամանակաշրջանում Հայաստանը մոտ միլիոն ականներ է տեղադրել Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում» ու որ՝ այդ տարածքների ականազերծման համար կպահանջվի մոտ 30 տարի և 25 միլիարդ դոլար:

Лента

Рекомендуем посмотреть