Շուրջ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող գրոսմայստերների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի: Այդ մասին գրում է Բրիտանական BBC պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանին` աշխարհում առաջին երկրին, որտեղ 2011 թվականից դպրոցներում շախմատը ներդրվել է որպես պարտադիր առարկա:
«Ես թակարդում էի: Շրջապատված էի բոլոր կողմերից և փրկության որևէ ելք չկար: Թագավորի գրավումն անխուսափելի էր: Ու հանկարծ՝ «Շախ և մատ»՝ հայտարարում է Միքայելը: Ինձ հաղթողը 11-ամյա տղա էր»,-գրում է հոդվածի հեղինակ Էմմա Լևինը՝ ամենևին զարմանալի չհամարելով դա, քանի որ, նշում է նա, Միքայելը օրեր առաջ դպրոցներում շախմատի օլիմպիադայի հաղթող է ճանաչվել:
Հոդվածում ներկայացվում է, որ 2011 թվականից սկսած Հայաստանում վեցից մինչեւ ութ տարեկան բոլոր երեխաները դպրոցում սովորում են շախմատ առարկան, իսկ նրանց դասավանդում է շախմատի՝ երեք հազար որակավորված ուսուցիչ:
Տեղեկացվում է նաև, որ օրերս էլ աշխատանքներն է սկսել Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ մասնագետները կուսումնասիրեն շախմատի ազդեցությունը սովորելու գործընթացի վրա:
«Այս ամենի շնորհիվ Միքայելը և հազարավոր երեխաներ օգնում են Հայաստանին տեղ գտել շախմատի քարտեզի վրա»,-գրում է Էմմա Լևինը՝ մխիթարվելով, որ, գոնե, իրեն հաղթել է ապագա գրոսմայստերը:
Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում: