Մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կարիքների գնահատման խումբը նախօրեին՝ հոկտեմբերի 23-ին, հանդիպել է Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:
Մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի հետևանքները։
Նշվում է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ առաքելությունը պաշտոնական Երևանի հրավերով հոկտեմբերի 21-27-ը այցելելով հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ անցկացնելով համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ՝ նպատակ ունի գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։
Հոկտեմբերի 22-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը, ընդունելով ԵԱՀԿ առաքելությանը, հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։