Հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Ի դեպ՝ նիստին ընդառաջ Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացրել է, որ այսօր ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Հավելենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունել են ԵԱՏՄ վարչապետերը Ղրղըզստանում՝ Չոլպոն-Աթա ավանում օգոստոսի 26-ին կայացած նիստում: Հավաքին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները, Ադրբեջանի վարչապետն էլ առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, ներկա է եղել նիստին։