Եվրոպական միության (ԵՄ) տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ադրբեջանական սեպտեմբերի ագրեսիայի արդյունքում տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։
Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ պատվիրակությանը ներկայացվել է Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը։
«148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը»,-մանրամասնել է մարզպետը։
Նրա փոխանցմամբ՝ ԵՄ պատվիրակության անդամներին է ներկայացվել նաև զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների մասին։
Մարզպետը նշել է, որ դիտարկումներն իրականացվել են չափիչ սարքերի միջոցով։
«ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրին, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ»,-գրել է Կարեն Սարգսյանը։
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար ԵՄ տեխնիկական խումբը Հայաստան է գործուղվել հոկտեմբերի 14-ին։ Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ հոկտեմբերի 6-ի հանդիպման ժամանակ: