Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ - RadioVan.fm

Онлайн

Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ  

2022-10-18 16:56 , Политика, 859

Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ

«Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը»,-հայտարարել է քառօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը՝ այցելելով սեպտեմբերի 13-ին գնդակոծված Ջերմուկ։

Ազգային ժողովի (ԱԺ) հաղորդմամբ՝ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը կարևորել է այն հանգամանքը, որ իրենք Ջերմուկում են դեպքերից շատ կարճ ժամանակ անց:

Նրա խոսքով՝ իրենք կանգնած են ոչ միայն խորհրդարանական գործընկերների, այլ նաև՝ հայ ժողովրդի կողքին:

Շվեյցարացի պատգամավորները կարևորել են տեղի ունեցածը սեփական աչքերով տեսնելն ու այդ ամենի մասին գործընկերներին փոխանցելը:

«Ժնևում ընդունել ենք բանաձեւ, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարևոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլև՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ միջազգային իրավունք»,-Ջերմուկ այցի ընթացքում նշել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերը։

Նշենք՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական վերջին հարձակումից հետո թշնամու զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա․ այդ մասին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու նպատակով Ջերմուկ այցելած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա նշել է, որ այս ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ, մինչդեռ Ջերմուկ քաղաքից մինչև սահման՝ մինչ ռազմական գործողությունների սկսվելը, հակառակորդի հեռավորությունը եղել է 11,12 կիլոմետր։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Ջերմուկում ևս կրկնվում են Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքները։

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակառակորդը մի քանի ուղղությամբ մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով 10 քառակուսի կիլոմետր տարածք։

Սեպտեմբերի 23-ին էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել»։

Лента

Рекомендуем посмотреть