Հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետի բացման հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին։
Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-Twitter-ում այսօր գրել է Փաշինյանը։
A draft decision of @armgov on opening of 3 checkpoints on the #Armenian-#Azerbaijani border to provide connection between eastern #Azerbaijan & #Nakhchivan is being formally circulated for several months. Government of #Armenia is waiting for positive reaction from Azerbaijan.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 17, 2022
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին մաքսային հսկողության 3 նոր գոտիներ սահմանելու վերաբերյալ նախագիծ։
ԱԱԾ ներկայացրած նախագծի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի (Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի տարածք), Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ (Երասխի մաքսային կետ-բաժնի տարածք), Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա՝ դեպի Կուբաթլու (Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածք): Բոլորը ավտոմոբիլային անցակետեր են լինելու։