Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրները լուծելու նպատակով Եվրոպական միության (ԵՄ) 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր պայմանավորվել են քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ։
«Խորհուրդն այսօր որոշել է ԵՄ մինչև 40 փորձագետ տեղակայել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մշտադիտարկման, վերլուծության և զեկուցման նպատակով»,-ասվում է Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, որում ընդգծվում է, որ այս որոշումը հետևում է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի օգնել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու երկրների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից (EUMM) ժամանակավորապես կտեղակայվեն։
«Դիտորդական առաքելությունը լինելու է ժամանակավոր և, սկզբունքորեն, չի տևի երկու ամսից ավելի»,-նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար ԵՄ տեխնիկական խումբը Հայաստան է գործուղվել հոկտեմբերի 14-ին։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ նույն օրը հանդիպել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ գրասենյակից հայտնել էին, որ Գրիգորյանը վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Նա նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է ընդունել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
«Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր»,-հայտնում է պաշտպանական գերատեսչությունից: