[Berlinale 2018] Շուն-գել՝ բարեկամ ենք. ինչի՞ մասին է Ուես Անդերսոնի նոր ֆիլմը - RadioVan.fm

Онлайн

[Berlinale 2018] Շուն-գել՝ բարեկամ ենք. ինչի՞ մասին է Ուես Անդերսոնի նոր ֆիլմը

2018-02-15 19:32 , Barlinale, 6353

[Berlinale 2018] Շուն-գել՝ բարեկամ ենք. ինչի՞ մասին է Ուես Անդերսոնի նոր ֆիլմը

Բիլ Մյուրեյ, Թիլդա Սուինթոն, Ջեֆ Գոլդլյում, Բռայան Քրենսթոն, Գրետա Գերվիգ, Բոբ Բալաբան, Լիվ Շրայբեր, Ջեյսոն Շվարցման. Ուես Անդերսոնի նոր տիկնիկային անիմացիայով ստեղծված ֆիլմը՝ «Շների կղզին» հնչյունավորելու համար Միացյալ Նահանգների գլխավոր սթիմպանք հեքիաթասածը հավաքել է սիրված մեգաաստղերի թիմ, որն էլ ապահովեց 68-րդ Բեռլինալեի բացման կարմիր գորգը (հնչյունավորողների թվում ներգրավված են նաև Ֆրենսիս ՄաքԴորմանդը, Էդվարդ Նորթոնն ու Սքարլեթ Յոհանսանը, որոնք չէին ժամանել Բեռլին)։

Ճապոնական Մեգասակի քաղաքում հայտարարված է շների վիրուս՝ կենդանիներին, տերերի կամքին հակառակ, վտարում են աղբի կղզի՝ անց կացնել կյանքի վերջին օրերը տիզերի և սննդի մնացորդների մեջ։ 12 ամյա Ատարի Կոբայաշին, ում հորեղբայրը՝ քաղաքապետ Կոբայաշին գլխավորում է շների դեմ կատարվող ռազմագործողությունները, առաջին քաղաքացին է, ում շունն ուղևորվում է «աղբի կղզի»։ Սակայն Աթարին չի հանձնվում. թռչում է իր շան՝ Սփոթսի ետևից։ Ինքնաթիռով, միայնակ. ճիշտ Փոքրիկ իշխանի պես։

Անդերսոնի ֆիլմը հիշեցնում է միաժամանակ երկու ֆիլմ, որոնք ծանոթ են հանդիսատեսին Կաննի կինոփառատոնից. Սերժ Ավեդիքյանի «Շնային պատմությունները» (մետաֆորիկ անիմացիոն կարճամետրաժ Կոստանդնուպոլսի թափառող շների մասին, որոնցից ազատվելու համար Օսմանյան կայսրությունը տեղափոխում է վերջիններին անմարդաբնակ կղզի) և «Օկջան». ֆիլմ-պայքար կորպորապիվ անասնաբուծության դեմ՝ «Կենդանին ընկեր է և ոչ ուտելիք» կարգախոսով։

Անդերսոնն ասում է, որ ստեղծել է «Շների կղզին», գտնվելով Ակիրա Կուրասավայի ֆիլմերի ազդեգության տակ, ինչպես որ ժամանակին նկարել է «Գրանդ Հոթել «Բուդապեշտը» Ցվեյգի ստեղծագործություններից ոգեշնչված։ Սակայն պարզ է, որ ճապոնական մշակույթն ուղղակի գեղագիտական և կոլորիտային ֆոն չէ, ոչ միայն նոր տիրույթ և դեկորացիա, որի շուրջ Անդերսոնը բարձրացնում-կառուցում է իրեն այդքան հոգեհարազատ դիսֆունկցիոնալ հասարակության խնդիրները։ Հետաքրքասեր զբոսաշրջիկից Անդերսոնը միանշանակ տարբերվում է հետաքրքրասեր զբոսաշրջիկներից, նա չի նայում խնդրին լոկալ և առանձին, միայն մի երկրի դիտանկյունից։ Նրա Աթարին ներկայացնում է սեփական անհագ ցանկությունը. փրկել բոլորին, խուսափել շրջադարձային փորձանքից։

Եթե ռեժիսորի որոշ ֆիլմերում անհասկացությունները ստեղծվում են ընտանիքի անդամների միջև, գաղափարների, մտքերի և կարծիքների անհամաձայնության հետևանքով, «Շների կղզում» կողմերը բաժանվում են երկու ճամբարի բնածին հատկանիշներով. կատուներին սիրում են, շներին՝ ոչ։ Մնացածում Անդերսոնական ոճն անփոփոխ է՝ սիմետրիա, ընդհանուր պլաններ, բազմաթիվ կարծրատիպեր, որոնք հեղինակի հմուտ ձեռքերում դիտվում են թարմ և չծեծված. ինչպես միշտ՝ առույգ։ Տեղին և իրավիճակին չհամապատասխանող զավեշտալի երկխոսություններ, որոնք ընդգձում են խնդրի մասշտաբները։

Ֆիլմը ոչ միայն հագեցած է երկիմաստ, սրամիտ ակնարկներով, այլ կառուցված է սոցիալ-քաղաքական մանիֆեստի տեսքով։ Ծաղրի են արժանանում քաղաքական արշավներն ու ընտրությունները, պետհամակարգի անհեռատես և կտրուկ որոշումները, ստվերում կանգնած մոխրագույն կարդինալները և հեռուստատեսության ու պրոպագանդայի շնորհիվ քաղաքացիներին կառավարող ուղեղի լվացումը։ Բոլորին այսքան ծանոթ, սուր և արդի թեմաները սավառնում են Մեգասակի (ինչի տակ հասկացվում է Նագասակին) քաղաքի վրայով՝ հիշեցնելով նաև պատմական ողբերգությունը։ Սակայն ամերիկյան հեղինակը չի բղավում համաշխարհային անարդարությունների մասին բեմում դրված ամբիոնից, ինչպես քաղաքապետ Կոբայաշին, այլ ներկայացնում է կարևոր խնդիրները կեսկատակ, հումորով և իրեն հատուկ մանկական ոգևորությամբ, ինչպես Ատարին և նրա հիանալի շների ոհմակը, որոնց պատմությունները ևս ակնարկում են սխալ արժեհամակարգի մասին, որն այսօր դարձել է կյանքի հիմնական վաչելիքը։

Նա փորձում է շոշափել և գտնել անլուծելի թվացող կոլապսը, սատարում է անկեղծ երեխաներին, այլ ոչ կամայական քաղաքական գործիչներին, շներին և ոչ մարդկանց։ Նա դեմ է ռոբոտային փոխարինումներին (էլեկտրոնային շները պարզ հիշեցնում են «Սև հայելին»), կենդանական, ազգային, գենդեռային և ցանկացած այլ տեսակի բաժանումներին ու տարանջատումներին։ Նա կանգնած է բարիկադների այն կողմում, որից որ երևում է հեփի էնդը՝ հավասարազոր կյանքի պայմաններով։

Իսկ ապստամբությունն ու պայքար, կարծես, անխուսափելի են։

Հոդվածը պատրաստեց՝ Դիանա Մարտիրոսյանը

Лента

Рекомендуем посмотреть